Հաղարծին վանական համալիրը անփութորեն է բարեկարգվում, որի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել «Չենք լռելու» նախաձեռնությունը:
Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդագրության մեջ ասվում է.
«2006 թվականին Հայաստան այցելության ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին այնքան էր հիացրել Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիրը (XIII դար), որ շեյխը որոշել էր 5 մլն ԱՄՆ դոլար հատկացնել դրա բարեկարգման նպատակով:
Շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, եւ այսօր կարելի է արձանագրել, որ Հաղարծինի համալիրը նոր շունչ է ստացել: Չնայած բարեկարգման «պատվիրատուի» ծագմանն առնչվող մամուլում տպագրված բազմաթիվ բացասական կարծիքների, հարկ է արժանին մատուցել արաբ շեյխին` իր համար օտար կրոնին պատկանող վանական համալիրի վերանորոգմանն ուղղված գումար հատկացնելու համար: Ցավոք, նման մեծահոգի քայլի ընդունակ չեն հազարավոր հայազգի մեծահարուստներ:
Միեւնույն ժամանակ, արաբ շեյխի ուշադրությունն ենք հրավիրում պատմական հուշարձանների վերանորոգման համար սահմանված ստանդարտները չպահպանելու փաստին: Այսպես, ըստ NEWS.am-ի հրապարակման, շինարարները անփութորեն քանդել են հին զարդաքանդակները եւ դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար: Այն հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»...
Կո՛չ ենք անում նաեւ Մայր աթոռին եւ մշակույթի նախարարությանը հավուր պատշաճի վերահսկել Հաղարծինի բարեկարգման գործընթացը»:
Նշենք, որ «Չենք լռելու» նախաձեռնության նպատակն է մամուլի եւ սոցիալական ցանցերի միջոցով լայն հասարակական քննարկման առարկա դարձնել առավել տագնապահարույց հարցերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հաղարծին վանական համալիրում շինարարները վանդալիզմ են իրականացրել: Նրանք անփութորեն քանդել են հին զարդաքանդակները եւ դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար: Այս ամենին ականատես է եկել NEWS.am-ի թղթակիցը:
Բացի այդ, վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքում խորանի կողքերին լուսավորության համար դրվել են ժամանակակից լուսամփոփներ եւ վարդակներ, որոնք բացարձակապես համահունչ չեն ճարտարապետական հուշարձանին:




























