ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 6-10-ին Բելգրադում կայանալիք նստաշրջանը հերթական անգամ կվերածվի մի նոր հայ-թուրքական քարոզչական փոխհրաձգության։ Նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:
Հարցին, թե ԵԱՀԿ ԽՎ ձեւաչափը կարո՞ղ է նպաստել հայ-թուրքական երկխոսության խթանմանը, նա պատասխանել է. «2008թ.-ին ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկից հետո Խորհրդարանական վեհաժողովի պատերի ներսում առաջին անգամ թուրք եւ հայ խորհրդարանականները սկսեցին միմյանց հետ շփվել, ծանոթանալ, զրուցել, ձեւավորվեցին աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Դիվանագիտական գործընթացի հայտնի արդյունքի ներքո այդ շփումները նորից տեղափոխվեցին քաղաքական արձագանքների մթնոլորտ։ ԵԱՀԿ ԽՎ-ի` Վիեննայում գումարված ձմեռային նստաշրջանում հերթական քարոզչական ճակատամարտը արձանագրվեց հայ, ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների միջեւ, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան, այս անգամ արդեն չքողարկված միասնական ջանքերով, քարոզչական պայքար էին մղում հայ պատվիրակների դեմ։ Կարծում եմ` նման գործելաոճն առանձնապես արդյունավետ չէ, որովհետեւ ԽՎ պատգամավորներն ավելորդ անգամ տհաճորեն լարվում էին՝ տեսնելով քարոզչական այդ անարդյունավետ փոխհրաձգությունը։ Ճիշտ է ներգրավել ԵԱՀԿ-ի եւ, մասնավորապես, ԽՎ-ի ռեսուրսը` այդպիսի փոխհարաբերությունների եւ շփումների միջավայր ստեղծելու նպատակով, ինչի արդյունքում կարող է ձեւավորվել մի բարենպաստ մթնոլորտ, որը առաջ կմղի հայ-թուրքական երկխոսությունը»:
Նշենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-10-ին տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը: Կազանյան գագաթնաժողովից հետո սա ԵԱՀԿ խորհրդարանականների առաջին հանդիպումը կլինի:




























