ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վստահության պակասը անհանդուրժողականության հետեւանք է, որի պատճառը Ադրբեջանում հայատյացության եւ հայամերժության մթնոլորտն է, որը խրախուսվել, քաջալերվել է երկար տարիներ։ Նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

«Այնքան ժամանակ, քանի դեռ հայատյացությունը կմնա Ադրբեջանում որպես քաղաքական կատեգորիա եւ քաղաքական առաջնահերթություն, փոխըմբռնմանն ու երկխոսությանն ուղղված ջանքերը միշտ առկախված կլինեն։ Ես կարծում եմ, որ եվրոպական մտածողության եւ ԵԱՀԿ-ի անելիքներից մեկն էլ այն է լինելու, որ երկխոսության զանազան մակարդակների, հանդիպումների եւ շփումների միջոցով վերջ դրվի քարոզչական այն հակամարտություններին, որոնց արդյունքում երկրներում ոչ թե հարցեր են լուծվում, այլ խորացնում են ատելության եւ թշնամանքի մթնոլորտը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-10-ին տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը: Կազանյան գագաթնաժողովից հետո սա ԵԱՀԿ խորհրդարանականների առաջին հանդիպումը կլինի: