Վերջին շրջանում հաճախակի տեղացող անձրեւների եւ ջրի մակարդակը բարձրացրած գետերի պատճառով Ախալցխայում բազմաթիվ կամուրջներ են վնասվում, գրում է վրացական «Սամխրեթիս-Կարիբջե» պարբերականը:
Երկրաբանների կարծիքով, այս տարի Վրաստանում աղետների գործընթացների պիկ էր, իսկ Ախալցխայի կամուրջների վիճակը ցավալի է:
Ինչպես հայտնում է «Մերսի Քորփսի» ՀԿ-ի ներկայացուցիչ Նինո Ռուխաձեն, կամուրջների պահպանման համար որեւէ միջոցառումներ չեն ձեռնարկվում:
«Բազմաթիվ կամուրջներ խնամքի կարիք ունեն, թե չէ կփլվեն»,-հայտնել է նա:
Ախալցխայի ֆինանսա-բյուջետային ծառայությունների ղեկավար Գագա Իվանիձեի խոսքով, կամուրջների վերանորոգման կամ վերականգնման համար բյուջեում միջոցներ չեն հատկացված:
«Կամուրջը ռազմավարական օբյեկտ է եւ պետք եղած ժամանակ այն հնարավոր չէ շրջանցել: Կամուրջների համար ծախսերը կվճարվեն պահուստային ֆոնդից»,-նշել է նա:
Նշենք, որ Ախալցխայում կա 31 կամուրջ, որոնցից 6-ը երկաթյա, 1` փայտյա, իսկ մնացած 23-ը երկաթ-բետոնե:




























