Այս տարի Արցախում Barcamp-ը տեղի կունենա սեպտեմբերին, միջոցառումը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության 20-ամյակին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախում գործող «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի տնօրեն, Արցախում Barcamp-ի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս իրենք զբաղված են որոշ տեխնիկական եւ ֆինանսական խնդիրների լուծման հարցերով։
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ բոլոր հարցերը լուծվեն, ապա Արցախում Barcamp-ը կլինի սեպտեմբերի 15-20-ին»,-ասաց Վ. Գրիգորյանը։
Տեղեկացնենք, որ Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձեւաչափ է, որտեղ նախօրոք չեն ծրագրում շնորհանդեսները, որոնք վերաբերում են համացանցին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, չկան հատուկ հրավիրված բանախոսներ, իսկ զեկուցումներ անում եւ դրանք քննարկում են հենց մասնակիցները:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Արցախում Barcamp տեղի է ունեցել նախորդ տարի օգոստոսին՝ Ստեփանակերտում։ BarCampArtsakh 2010-ին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ` Հայաստանից եւ Ղարաբաղից: Միջոցառման նպատակն էր Արցախում բլոգների, սոցիալական կայքերի եւ նոր մեդիայի զարգացմանը խթանելը։
Առաջին անգամ միջոցառում կազմակերպելու այս ձեւաչափը կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում:




























