Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն ու հոգեւոր դասը ողջունում են Վրաստանի 5 կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի որոշումը:
«Այս մոտեցումը բնորոշ է ժողովրդավարական երկրին: Վրաստանում ոչ միայն Հայոց եկեղեցին, այլեւ մյուս ավանդական կրոնական համայնքները տարիներով սպասում էին նման որոշման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
«Անշուշտ, մինչեւ այդ որոշումը եւս մեր փաստացի ներկայությունը ճանաչվում էր ե’ւ Վրաստանի իշխանությունների, ե’ւ պատրիարքարանի, ե’ւ վրաց հասարակության կողմից», - նշել է Միրզախանյանն ու հավելել. «Բայց այդ օրենքը, երբ վերջնական ընդունվի եւ հնարավորություն լինի գրանցվել, իհարկե, մեծ առավելություններ կտա այն առումով, որ իրավական դաշտում կգործենք, եւ ամենակարեւորը` եղած մեր տաճարները, որոնք առայժմ պատկանում են Վրաստանի մշակույթի նախարարությանը, կամաց-կամաց այդ սեփականության իրավունքները մենք կունենանք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանը հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, որով Վրաստանի 5 կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն, տրվելու է իրավաբանական անձի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցի ժամանակ ակնկալվում էր Հայոց եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ որեւէ գրավոր փաստաթղթի ստորագրում, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
Ավելին` այդ այցը մամուլում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Հարցին, թե այս ամենի համապատկերում անսպասելի չէ՞ր արդյոք Վրաստանի խորհրդարանի որոշումը, Վազգեն Սրբազանը նշել է. «Դա անսպասելի չէր, որովհետեւ ես չեմ կիսել վեհափառ հայրապետի այցի հետ կապված Հայաստանում կամ Վրաստանում կամ այս երկու երկրներից դուրս այդ մեկնաբանությունները: Ոչ ոք չեկավ հարցնելու Վրաստանի հայությունից կամ Վրաստանի վրացիներից` գո՞հ էին այդ մարդիկ, թե` ոչ: Պիտի ասեմ, որ այստեղ ժողովուրդը` ե’ւ հայերը, ե’ւ վրացիները շատ գոհ մնացին»:
«Բնականաբար, իր դերակատարությունն ունեցավ նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը Վրաստանի նախագահը, մեծագույն հարգանք տածելով Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ, ընդառաջեց այս ամենին` բնականաբար, մեծ հարգանքով ու պատկառանքով նաեւ պատրիարք Իլյա Երկրորդի հանդեպ, քանի որ պատրիարքարանը դեմ չի եղել երբեք ավանդական համայնքներին ստատուս տալու հարցում», - նշել է Վիրահայոց թեմի առաջնորդը:
Օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկվի հուլիսի 6-ին:




























