ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, «Ապավեն» մաքսային պահեստում, ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսավորները նկատել են, որ եթե Մեղրիի մաքսակետում ավտոմեքենայի բեռը կշռել է 32 տոննայից ավելի, ապա պահեստում քաշը էապես նվազել է` շուրջ 1,6 տոննայով:
Բեռը տեղափոխող ավտոմեքենայի վարորդը խոստովանել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, Արարատի Քաղցրաշեն գյուղի իր տանը դատարկել է բեռի մի մասը` առանց մաքսային ապահովման միջոցը` կապարակնիքը, վնասելու:
Մաքսավորները հայտնաբերել են նաեւ մեկ այլ դեպք, այս անգամ` «Նյու ֆիրմա» մաքսային պահեստում. զննության է ենթարկվել ընկերություններից մեկի անունով բեռ ներմուծող` Կամազ մակնիշի ավտոմեքենայի բեռնարկղը:
Նախաբացթողումային հսկողության վարչության մասնագետների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ, թեեւ կապարակնիքն առկա էր, սակայն այս դեպքում էլ վարորդը կարողացել է բեռնարկղը բացել` առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու: Հետեւաբար այս դեպքն էլ է դիտարկվել որպես մաքսային կանոնների խախտում:
Վերը նշված դեպքերով կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն: Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ դեպքում էլ մաքսավորների տեսադաշտում հայտնվել է Իրանի քաղաքացի` Իմանի Մոհամմադ Հուսեինը: Մեղրիի մաքսակետում վերջինս ենթարկվել է զննության. արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր. կատարված փորձագիտական եզրակացության արդյունքում պարզ է դարձել, որ հայտնաբերվածը ափիոն եւ մետամֆետամին տեսակի թմրանյութեր են, որոնք Իրանի քաղաքացին դրանք փորձել է տեղափոխել` թաքցնելով իր այցեքարտի մեջ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի եւ 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է, կատարվում է նախաքննություն:




























