2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հարազատները դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությանն այս տարվա միջոցառումներին, եթե նա չկատարի ողբերգության հանգամանքների վերաբերյալ իր տրամադրության տակ հայտնված որոշ պետական ​​փաստաթղթերի գաղտնազերծման մասին իր խոստումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոտ 1.8 հազար մարդուց բաղկացած խումբը, այդ թվում՝ զոհերի հարազատները, շտապ օգնության աշխատակիցներն ու ահաբեկչությունը վերապրածները, նախագահին կոչ են անում չմասնակցել ողբերգության 20-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքում եւ Շենքսվիլում (Փենսիլվանիա) նախատեսված հիշատակի միջոցառումներին: Կոչի հեղինակները ցանկանում են, որպեսզի նախագահը նախ հրապարակի այն փաստաթղթերը, որոնք, իրենց կարծիքով, ահաբեկչական հարձակումների հետ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կապի ապացույցներ են պարունակում: Խումբը պնդում է, որ Բայդենը դեռ նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել էր ողբերգության մասին հնարավորինս շատ տեղեկություններ հայտնել, սակայն դա չի արել, հայտնում է հեռուստաալիքը:
Կոչի հեղինակները կարծում են, որ 2004 թվականին հարձակումների հետաքննության հանձնաժողովի աշխատանքների ավարտից ի վեր Սաուդյան Արաբիայի մասնակցության բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, սակայն ամերիկյան իշխանությունները դա գաղտնի են պահել: «Մենք չենք կարող ... ընդունել նախագահին մեր սրբավայրերում, մինչեւ նա չկատարի իր պարտավորությունը»,- NBC-ը մեջբերում է մի հատված նրա կոչից: