Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն եւ դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ: Այս պայմաններում նստացույցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս որքան էլ մեր գերեվարված զինվորների հարազատների վիճակը հասկանալի է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Արմենպրեսը» վարչապետի խոսնակից հետաքրքրվել է, թե Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատները կառավարության դիմաց նստացույց են հայտարարել եւ հանդիպում են պահանջում վարչապետից, արդյո՞ք վարչապետը պատրաստվում է ընդունել նրանց: Ի պատասխան Մանե Գեւորգյանն ասել է, որ վարչապետը Խծաբերդում գերեվարված զինվորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին հանդիպել է 9 անգամ, այդ թվում՝ երկու անգամ Շիրակի մարզում:

«Նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Վարչապետը գերեվարվածների հարազատների հետ վերջին 9 ամսում տասնյակ հանդիպումներ է ունեցել: Ընդ որում, եղել են հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել առանց ժամային սահմանափակումների:

Վարչապետը բոլոր այդ հանդիպումներում գերեվարված զինվորների հարազատներին ներկայացրել է առկա ողջ տեղեկատվությունը եւ ասել, որ մշտապես պատրաստ է նրանց հետ կիսել տեղեկատվությունը, այդ թվում՝ հանդիպումների միջոցով:

Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն եւ դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ: Այս պայմաններում նստացույցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս որքան էլ մեր գերեվարված զինվորների հարազատների վիճակը հասկանալի է:

Հարկ է նշել, որ Խծաբերդում գերեվարվածների հարազատները բազմիցս հանդիպումներ են ունեցել նաեւ ԱԱԾ տնօրենի, Շիրակի մարզպետի հետ:

Վերջին 9 ամիսներին Խծաբերդում գերեվարված 24 զինվորներ վերադարձվել են հայրենիք: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստան է վերադարձվել 104 գերեվարված անձ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատապարտում է հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու Ադրբեջանի գործելակերպը եւ շարունակում է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղղությամբ ջանքեր գործադրել»,– ասել է Մանե Գեւորգյանը։

Նշենք, որ Բաքվում պահվող ռազմագերիների հարազատներն այսօր գիշերել էին  Կառավարության շենքի դիմաց։ Նրանք երեկ կեսօրից հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում էին պահանջում իրավասու այնպիսի մարդու հետ, որը կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերի շուրջ։

Կառավարությունից նախ հայտնել էին, որ երկու անձի կընդունեն, սակայն գերիների հարազատները հրաժարվել էին նման ձեւաչափից։ Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը հանդիպել էին  վարչապետի խոսնակի հետ, բայց հանդիպումից հետո հայտնել էին, որ որեւէ կոնկրետ պատասխան իրենց չի տրվել եւ իրենք կմնան այնքան ժամանակ, մինչեւ իրենց հետ որեւէ մեկը չհանդիպի։