Ղարաբաղի շուրջ բանակցությունները «զրոյական կետից» սկսելու մոտեցումը մեր կողմից նախապայման չի եղել, դա առաջարկ էր, որը քննարկվել է տարբեր ձեւաչափերով եւ մերժվել է Ադրբեջանի կողմից:
Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ դիվանագիտական բոլոր գործիքներն ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելուն, ընդ որում՝ ոչ հռչակագրի մակարդակով, այլ այնպես, որպեսզի հասնենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Նա չբացառեց, որ Հայաստանի նախկին արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Արա Այվազյանը կարող են հրավիրվել Արտաքին հարաբերությունների հանձնաժողով: «Մնացականյանին համարում եմ պրոֆեսիոնալ: Ինչ վերաբերում է Այվազյանի հայտնի հայտարարությանը, ապա այն անհասկանալի եմ համարում», - եզրափակեց Աղաջանյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական՝ «զրոյական կետից»: Հիշեցնենք նաեւ, որ Արա Այվազյանը հրաժարական տվեց մայիսի 27-ին: Որոշ ժամանակ անց, ավելի կոնկրետ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԳՆ-ում ելույթի ժամանակ նա բացատրեց իր հրաժարականի պատճառները: «Խուսափելու համար կասկածներից, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել կամ հավանություն տալ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք ուղղված են մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահերի դեմ», - հայտարարեց նա:





























