ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով բոլոր խմբակցություններին, առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցածը։

«Հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարենք, որ այսօր սպառել ենք իրենց  համբերությունը եւ վերջացնենք այս հռետորաբանությունը։ Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ։ Ես համարում եմ, որ մենք կարող ենք եւ պետք է  աշխատենք միասին»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ–ում գրանցված ելույթներ կային։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հանել դրանք եւ հանուն քաղաքացիների փակեն այդ թեման։

Նշենք, որ այսօր ԱԺ նիստերն ընթացան լարված մթնոլորտում։ Նախ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյանտ Նիկոլ», ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատել էր նրա խոսափողը եւ դուրս հրավիրել ԱԺ ամբիոնից։ Ապա, Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքեց՝ բնակչությունը գնահատական տվել է, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Սիմոնյանի հայտարարությանը, ինչից հետո ԱԺ–ում կրքերը թեժացան, Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։