Հայաստանում 2010 թվականի հուլիսի 20-ին կայանալիք հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթները անցկացվելու են բացառապես նոր կարգով՝ հաշվի առնելով թվայնացման համար անհրաժեշտ պահանջները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Վերջինս հայտնել է, որ հուլիսի 20-ի մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվելու 28 հեռուստաընկերություններ, որոնցից 9-ը հեռարձակվելու են հանրապետության ողջ տարածքով, 10-ը՝ մայրաքաղաքում, եւ 9 հեռուստաընկերություն՝ մարզերից յուրաքանչյուրում։ Արտոնագրերը տրամադրվելու են 10 տարի ժամկետով։ Նոր արտոնագրերը սկսելու են գործել 2011 թվականի հունվարի 20-ից։

Արա Պետրոսյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում արտոնագիր ստացող հեռուստաալիքների թիվը 19-ով սահմանափակելու որոշումը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով:

Հարցին, թե մրցույթին մասնակցելու ինչպիսի՞ հնարավորություններ ունի 2002թ. հեռարձակման արտոնագրից զրկված եւ հետագայում բազմաթիվ արտոնագրման մրցույթներում անհաջողություն կրած «Ա1+» հեռուստաընկերությունը՝ Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանել է, թե նույն հաջողությամբ կարելի է տալ երրորդ, չորրորդ, հինգերորդի անունը, որոնք այսօր չկան դաշտում։ «Բոլորն էլ հավասար հնարավորություններով մտնելու են լիցենզավորման մրցույթների մասնակցության դաշտ»,- ասել է նա: