ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ օգոստոսի 11–ին, հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին եւ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից, խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձեւավորված համագործակցության նոր ֆորմատին:
Ալեն Սիմոնյանը արժեւորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարեւորել է օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:
Կողմերը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր. արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից առանցքային համարվեց քաղաքական ուժերի միասնականությունը՝ անկախ ունեցած տարակարծություններից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:





























