Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Մարոկկոյում բացել է երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը, որը երկու երկրների հարաբերությունների կարգավորման խորհրդանիշ է դարձել, հայտնում է AP-ն:

Յաիր Լապիդի երկօրյա այցը 2003 թվականից ի վեր Իսրայելի նախարարի առաջին այցն է այդ երկիր: Դա տեղի է ունեցել մեկ տարի չանցած այն բանից հետո, երբ Իսրայելը եւ Մարոկկոն «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում ԱՄՆ-ի միջնորդությամբ պաշտոնական հարաբերություններ հաստատելու համաձայնություն ձեռք բերեցին:

Լապիդը հանդիպել է իր մարոկկացի գործընկեր Նասեր Բուրիտայի հետ, եւ երկու երկրները համաձայնագրեր են ստորագրել՝ օդային ծառայությունների եւ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին:

Նրանք նաեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ իրենց երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգները շնորհավորում է Մարոկկոյին եւ Իսրայելին «Ռաբատում Իսրայելի կապի գրասենյակի վերաբացման կապակցությամբ: Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի եւ Մարոկկոյի հետ, որպեսզի գործընկերության բոլոր ասպեկտներն ամրապնդվեն»: