Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան՝ ռուս-չինական «Սիբու/փոխգործակցություն - 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլին հետեւելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այցի շրջանակներում Շոյգուն կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ առաջիկա բանակցությունների հիմնական թեմաներ կլինեն երկկողմ ռազմական համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի պրակտիկ փոխգործակցությունը:
«Սիբու/փոխգործակցություն - 2021» զորավարժությունները անցկացվում են Չինաստանի Նինգսյա Հու ինքնավար շրջանի Ցինտունսյա ուսումնական հրաձգարանում՝ օգոստոսի 9-13-ը։ Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն մոտ 13 000 զինծառայողներ եւ ավելի քան 400 միավոր զենք ու ռազմական տեխնիկա: Զորավարժությունների ղեկավարումը կիրականացվի երկու երկրների ռազմական զորակազմի համատեղ հրամանատարության կողմից:
Վեյ Ֆենհեն հուլիսի վերջին Դուշանբեում կայացած հանդիպմանը Շոյգուին հրավիրել էր այցելել համատեղ վարժանքների ակտիվ փուլին:





























