Իրանը, Թուրքիան եւ Բրազիլիան ուրանը միջուկային վառելիքի հետ փոխանակելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես փոխանցում է Փրայմ-ՏԱՍՍ-ը, Իրանը համաձայնվել է Թուրքիա ուղարկել իր՝ 1.2տոննա ընդհանուր քաշով քիչ հարստացված ուրանը՝ դրա փոխարեն ստանալով 1200 կգ մինչեւ 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք։

Ինչպես նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Իրանը համաձայնել է վերամշակման համար իր ուրանը տալ այլ երկրների։ Այդ վառելիքը իսլամական հանրապետությունը կարող է օգտագործել իր հետազոտական ռեակտորներում։

Հաղորդվում է, որ Իրանը իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանը կփոխանակի միջուկային վառելիքի հետ, որը կմատակարարեն Ռուսաստանը, ԱՄՆ կամ Ֆրանսիան։ Փոխանակման գործողությունները կկատարվեն Թուրքիայի տարածքում։

Նշենք, որ պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի։