Ալբանիան ժամանակավոր ապաստան կտրամադրի հարյուրավոր աֆղանցիների, ովքեր աշխատել են արեւմտյան խաղաղապահ ուժերի հետ եւ այժմ գտնվում են թալիբների կողմից սպառնալիքի տակ: Այս մասին գրել է վարչապետ Էդի Ռաման իր ֆեյսբուքյան էջին՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը խնդրել է Ալբանիային «տարանցիկ կետ դառնալ  աֆղան քաղաքական միգրանտների որոշակի թվի  համար, որոնց վերջնական նպատակը Միացյալ Նահանգներն են»: «Իհարկե, մենք ոչ չենք ասի»,- ասել է նա:

Նա հավելել է, որ Ալբանիայի կառավարությունը նաեւ դրական է արձագանքել ամերիկյան երկու հասարակական կազմակերպությունների խնդրանքներին՝ պատսպարել հարյուրավոր աֆղան մտավորականների եւ կին ակտիվիստների, ում թալիբները սպառնում էին մահապատժի ենթարկել: Ալբանիայի վարչապետն հայտարարել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգների կողքին է «ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք մեզ պետք են մեր խնդիրների լուծման համար, այլ նաեւ՝ երբ մենք ենք նրանց պետք՝ ցանկացած ժամանակ»: