Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը, որն այժմ գործում է Քաբուլի օդանավակայանից, ԱՄՆ քաղաքացիներին ապաստան գտնելու կոչ է արել:
«Անվտանգության հետ կապված իրավիճակը Քաբուլում արագ փոխվում է, այդ թվում՝ օդանավակայանում: Տեղեկություններ կան օդանավակայանում կրակոցների մասին. ուստի հրահանգում ենք ԱՄՆ քաղաքացիներին տեղում ապաստան գտնել», - ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը հայտարարել է, որ այն ամերիկացիները, «ովքեր ցանկանում են օգնություն ստանալ երկրից հեռանալու համար, պետք է գրանցվեն ցանկացած տարբերակի համար, որը կարող է որոշվել Միացյալ Նահանգներ վերադառնալու համար» եւ յուրաքանչյուր անձի համար առցանց ձեւ լրացնեն:
«Աֆղանստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների ամուսինները եւ անչափահաս երեխաները, ովքեր սպասում են ներգաղթային վիզայի, նույնպես պետք է լրացնեն այս ձեւը, եթե ցանկանում են մեկնել», - հայտարարել է դեսպանությունը: «Խնդրում ենք դա անել հնարավորինս շուտ: Սա թռիչքի տարբերակների նկատմամբ ձեր հետաքրքրությունը փոխանցելու միակ միջոցն է», - ասվում է անվտանգության ծառայության նախազգուշացման մեջ:
CNN-ը, վկայակոչելով աղբյուրին, հայտնում է, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանության շենքից հանվել է ամերիկյան դրոշը, ինչը դեսպանության տարհանման վերջին քայլն է:
Աղբյուրի համաձայն՝ Աֆղանստանից ԱՄՆ դեսպանության աշխատակիցների դուրսբերումն անհավանական արագ է տեղի ունենում, եւ ակնկալվում է, որ այս գործընթացը կավարտվի մինչեւ երեկո, բացառությամբ փոքրաթիվ դիվանագետների, որոնք դեռեւս կմնան Քաբուլի օդանավակայանում:
Ներկայումս դեսպանությունում դեռ անվտանգության մի քանի աշխատակիցներ կան, սակայն նրանք շուտով կհեռանան, պարզաբանել է իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրը:





























