ԱՄՆ-ն Աֆղանստան է ուղարկում 1000 հոգուց բաղկացած եւս մեկ գումարտակ, որը կօգնի պաշտպանել Քաբուլի օդանավակայանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Այսօր ավելի վաղ ամերիկացի զինվորականները անկանոն տարհանման ժամանակ գնդակահարել ու սպանել էին երկու զինված անձանց:
Քիրբիի խոսքով՝ ներկայումս օդանավակայանում կա 2500 ամերիկացի զինծառայող, եւս 500-ը կժամանեն առաջիկա ժամերին:
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ժամերին կկարողանանք վերականգնել օդանավակայանում օդային տրանսպորտի աշխատանքը»,- ասել է Քիրբին: Այս պահին դադարեցվել են բոլոր չվերթները դեպի Քաբուլ եւ Քաբուլից:
Ըստ Քիրբիի, նպատակն այն է, որ երբ չվերթները վերսկսվեն, ամեն օր հազարավոր մարդիկ տարհանվեն:





























