Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ երկրի ղեկավարի փախուստից, գործող կառավարության փլուզումից եւ ռեժիմի փաստացի փոփոխությունից հետո:

Բլինքենը հայտնել է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան տարհանման եւ իրավիճակից բխող անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծման համատեքստում ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած գործողությունների մասին:

Լավրովը իր գործընկերոջը տեղեկացրել է իրավիճակի վերաբերյալ ռուսական գնահատականների եւ Աֆղանստանում բոլոր հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ՌԴ դեսպանատան շփումների մասին` կայունության եւ օրինականության ապահովմանը նպաստելու շահերից ելնելով:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները՝ Չինաստանի, Պակիստանի, այլ շահագրգիռ երկրների եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ, որպեսզի նոր պայմաններում ներառական միջաֆղանական երկխոսություն սկսելու նախապայմաններ ստեղծեն: