Իսլամիստ գրոհայինները կփորձեն օգտվել Աֆղանստանում տիրող քաոսից, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան միասնական ձայնով պատասխանեն, հաղորդում է Reuters-ը:
«Աֆղանստանը չպետք է ահաբեկիչների ապաստան դառնա, ինչպես նախկինում էր»,- երկրին ուղղված իր ուղերձում ասել է Մակրոնը: «Սա մարտահրավեր է խաղաղությանը եւ միջազգային կայունությանը՝ ընդհանուր թշնամու դեմ: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Եվրոպան արդյունավետ համագործակցեն, քանի որ մեր շահերը համընկնում են»:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ պաշտպանում է Աֆղանստանում Եվրամիության պատվիրակին, ինչպես նաեւ պաշտպանություն է տրամադրել երկրում ԵՄ պատվիրակության աֆղանցի պաշտոնյաներին:
«Աֆղանստանի քաղաքացիական հասարակության շատ անդամներ, իրավապաշտպաններ, արվեստագետներ, լրագրողներ այսօր սպառնալիքի տակ են (...) Մենք նրանց կողջունենք, քանի որ Ֆրանսիայի համար պատիվ է լինել նրանց կողքին, ովքեր պայքարում են ազատության համար»,- ասել է Մակրոնը:





























