Ամերիկյան C-17 Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռը կիրակի Քաբուլի օդանավակայանից 640 աֆղանստանցի է տեղափոխել Կատար: Փախստականներով լցված ինքնաթիռի լուսանկարը արագ տարածվել է համացանցում՝ ցնցելով շատերին, հայտնել է BBC-ն:

Defense One-ի հաղորդմամբ՝ սա պատմության մեջ C-17 ինքնաթիռների ամենամեծ բեռնումներից մեկն է: Այս ռազմական տրանսպորտային ինքնաթիռն օգտագործվում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից մոտ երեք տասնամյակ:

Defense One-ի տվյալներով՝ նախատեսված չի եղել ինքնաթիռում այդքան մեծ թվով ուղեւորների տեղավորել, սակայն մարդիկ, որոնց թույլատրվել էր տարհանվել, ցատկել են կիսաբաց թեքահարթակի վրա՝ բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսված մեխանիզացված դիտահոր: Այս ինքնաթիռում այն ​​գտնվում է պոչի հատվածում:

Defense One-ի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ անձնակազմն այս իրավիճակում որոշել է մարդկանց դուրս չհանել ինքնաթիռից, այլ փակել դիտահորը եւ թռչել:

Ուղեւորների թիվը կարողացել են հաշվել միայն վայրէջքից հետո՝ առնվազն 640 հոգի: Ըստ Defence One-ի աղբյուրի՝ դա միայն մեկն էր այն ինքնաթիռներից, որոնք օդ են բարձրացել Քաբուլից, որոնցում եղել են հարյուրավոր ուղեւորներ:

Ըստ Boeing-ի կայքէջի տվյալների՝ C-17-ը կարող է բեռնախցիկում տեղափոխել ավելի քան 100 զինվոր: Ընդ որում, դրա առավելագույն բեռնումը կազմում է մոտ 75 տոննա:

Ինչպես պարզաբանում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Իլյա Կրամնիկը, նման բեռնունակությունը թույլ է տալիս ինքնաթիռին տեղափոխել շատ անգամ ավելի շատ մարդ, քան նշված է դրա բնութագրում:

«Եթե վերահաշվարկենք դա [ինքնաթիռի առավելագույն բեռնունակությունը] մարդկանց համար, ապա կհասկանանք, որ եթե 640 մարդկանցից յուրաքանչյուրը նույնիսկ 100 կիլոգրամ քաշ ունենա, միեւնույնն է՝ չեն կարողանա հասնել ինքնաթիռի ամբողջական բեռնավորմանը: Հիմնական խնդիրը կլինի ոչ թե քաշը, այլ ծավալը», - նշել է Կրամնիկը:

Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ C-17 ինքնաթիռն այս չվերթով 800 ուղեւոր է տեղափոխել:

Նույն Defence One-ը հիշում է, թե ինչպես է 2013 թվականին C-17 ինքնաթիռը Ֆիլիպիններից դուրս բերել թայֆունից փախչող 670 մարդու:

Այնուամենայնիվ, ինքնաթիռի ամենամեծ բեռնվածությունը գրանցվել է 1991 թվականին՝ ճիշտ է, խոսքն այս դեպքում Boeing քաղաքացիական ինքնաթիռի մասին էր:

1991 թվականի մայիսին Եթովպիայի հրեաների տարհանման ժամանակ երկրի մայրաքաղաք Ադիս Աբեբայից El Al ավիաընկերության Boeing 747 ինքնաթիռը, տարբեր աղբյուրների համաձայն, տարհանել է 1078-1122 մարդ:

Այս միջադեպը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես «մեկ (կոմերցիոն) ինքնաթիռում գտնվող ամենամեծ թվով մարդիկ», որոնց թվում եղել են ինքնաթիռում ծնված երկու երեխաներ: