Աֆղանստանի նախագահի պաշտոնը լքած Աշրաֆ Ղանին երկրից իր փախուստը բացատրել է արյունահեղությունը կանխելու անհրաժեշտությամբ: Այս մասին նա հայտնել է Facebook-ի էջում տեղադրված տեսաուղերձում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Նա հաստատել է, որ այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: «Ինձ ստիպեցին հեռանալ Քաբուլից, ես չէի ցանկանում մայրաքաղաքում արյունահեղության պատճառ դառնալ», - ասել է նա՝ հավելելով, որ «իրեն փնտրում էին»: «Ես պալատում էի, երբ պահակախումբը հայտնեց, որ հեղաշրջման նման բան է տեղի ունեցել, երբ թալիբները մտել են մայրաքաղաք», - հատնել է Ղանին:

Ղանին խոստացել է շուտով վերադառնալ Աֆղանստան: «Ես [Միացյալ Արաբական] Էմիրություններում եմ, սակայն մոտ ժամանակներս կվերադառնամ իմ երկիր», - ասել է նա՝ մատնանշելով, որ մինչեւ տուն վերադառնալը «խորհրդակցություններ է վարում ուրիշների հետ»: Աշրաֆ Ղանին նշել է, որ կշարունակի իր ջանքերը «աֆղանստանցիների համար արդարության հասնելու համար»:

Ղանին պնդել է, որ երկրից փախչելիս իր հետ գումար չի վերցրել: «Ինձ մեղադրում են ինձ հետ գումար վերցնելու մեջ: Այս ամենը սուտ է, ես հեռացել եմ վերնաշապիկով, թյուրբանով եւ կոշիկներով եւ կարողացել եմ պայուսակով մի քանի գիրք միայն վերցնել»: