Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ: Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի համատեղ ասուլիսից առաջ, գրում է Anadolu լրատվական գործակալությունը:
«Անկարան կապի մեջ է թալիբների հետ՝ լինի դա Քաբուլի կամ Դոհայի միջոցով: Եւ այդ շփումներն անհրաժեշտ են»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
Նախարարը հիշեցրել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Թուրքիա այցելելու հրավեր են ստացել դեռեւս մինչեւ Քաբուլը գրավելը:
Չավուշօղլուն նաեւ հնարավոր է համարել Անկարայի կողմից Աֆղանստանում ձեւավորվող նոր կառավարության ճանաչման հնարավորությունը:
«Թալիբանը խոստացել է ներառական կառավարություն ձեւավորել: Մեզ պետք է տեսնել՝ կձեւավորվի՞ արդյոք իրականում ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ միասին»,- ասել է նախարարը:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան միջազգային հանրության հետ կհամակարգի ինչպես այս թեմայի վերաբերյալ հայտարարությունները, այնպես էլ ձեռնարկվող քայլերը:





























