Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Աֆղանստանի բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, իրանական միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, լարվածությունը Ուկրաինայի հարավ-արեւելքում եւ «նորմանդական ձեւաչափով» ջանքերի գործադրմամբ համակարգումը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերը վերականգնելու եւ բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում»,-ասվում է կայքում:
Նաեւ երկրների ղեկավարները նշել են Աֆղանստանում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման եւ հումանիտար հրատապ խնդիրների լուծման կարեւորությունը, կողմ են արտահայտվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման վերսկսման շուրջ բանակցություններին, ինչը ծանրակշիռ գործոն է միջուկային զենքի չտարածման գործում, ինչպես նաեւ քննարկվել են մի շարք այլ «տարածաշրջանային թեմաներ», որոնք վերաբերում են նաեւ Աֆրիկյան մայրցամաքին:





























