Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում խնդրել է թալիբների հետ բանակցություններում ուշադրություն դարձնել հումանիտար խնդիրներին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Ես տեղեկացրի ՌԴ նախագահին, որ Գերմանիայի տեսանկյունից այժմ առաջնահերթ խնդիր է հանդիսանում օգնության տրամադրումն այն մարդկանց, ովքեր համագործակցել են Գերմանիայի հետ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողության 20 տարիներին ընթացքում: Անհրաժեշտ է նրանց ապահով ապաստան տրամադրել եւ հաջորդող օրերին հնարավորինս շատ մարդ տեղափոխել Գերմանիա: Ես ռուսական կողմին խնդրել եմ թալիբների հետ բանակցությունների ժամանակ մատնանշել Աֆղանստանում ՄԱԿ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության հարցերը», - ասել է նա:
Մերկելը հայտարարել է, որ «պետք է փորձել խոսել» թալիբների հետ եւ երկրում «ներառական կառույցների» ձեւավորման հույս ունենալ:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել Աֆղանստանից ահաբեկիչների ներթափանցումը հարեւան պետությունների տարածք, այդ թվում՝ փախստականների քողի տակ:
«Աֆղանստանում իրադարձությունների արագ զարգացման պատճառով այս հարցին գերակա նշանակություն ենք տալիս: «Թալիբան» շարժումը վերահսկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաքը: Սրանք իրողություններ են, եւ հենց այդ իրողություններից ելնելով է պետք կանխել Աֆղանստան պետության փլուզումը», - ասել է Պուտինը:
«Մենք տեսնում ենք, որ թալիբները հայտարարել են ռազմական գործողությունների ավարտի մասին, սկսել են հասարակական կարգ հաստատել եւ խոստացել են երաշխավորել տեղի բնակիչների եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: Հուսով եմ, որ այս ամենը կյանքի կկոչվի: Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետեւի այս գործընթացին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համակարգող դերով: Մեր կարծիքով՝ այժմ հատկապես կարեւոր է կանխել բոլոր տեսակի ահաբեկիչների ներթափանցումը Աֆղանստանին հարակից պետությունների տարածք, այդ թվում` փախստականների քողի տակ», - ասել է Պուտինը:





























