Հինգ կայք, որոնք Աֆղանստանում եւ դրանից դուրս օգտագործվում էին արմատական «Թալիբան» շարժման կողմից քարոզչական նյութեր տարածելու համար, հանկարծ անհասանելի են դարձել, հայտնում է The Washington Post-ը:
Ըստ թերթի` անհասկանալի է մնում, թե ինչու է հենց դա տեղի ունեցել: Բոլոր հինգ կայքերը, որոնք տարբեր լեզուներով քոնթենթ էին հրապարակում, նախկինում օգտվում էին ամերիկյան CloudFlare ընկերության ծառայություններից, այդ թվում` կիբեր պաշտպանության ոլորտում: Ընկերության ներկայացուցիչները դեռ չեն հայտնում` արդյոք կայքը շարունակում է համապատասխան ծառայություններ մատուցել, թե ոչ:
WP-ն հայտնում է նաեւ, որ թալիբների կողմից WhatsApp հավելվածում օգտագործվող մի շարք խմբեր նույնպես դադարեցրել են աշխատանքը:
Հրապարակման մեջ նշվում է, որ թալիբների թվիթերյան էջերը չեն անջատվել:





























