«Թալիբանը» մեղադրել է Միացյալ Նահանգներին Քաբուլից տասնյակ հազարավոր աֆղանցիներին ու օտարերկրացիներին անկանոն տարհանելու մեջ, հաղորդում է AFP-ն:

Միացյալ Նահանգները նախազգուշացրել են անվտանգության սպառնալիքների մասին, իսկ Եվրամիությունը խոստովանել է, որ «անհնար» է տարհանել բոլորին, ովքեր ռիսկի են ենթարկվում:

Սակայն վախեցած աֆղանցիները չեն հրաժարվում փախուստի դիմելու փորձերից՝ խորացնելով Քաբուլի օդանավակայանում ողբերգությունը, որտեղ Միացյալ նահանգներն ու դրա դաշնակինցերը չեն կարողացել հաղթահարել մարդկանց մեծ թիվը, որոնք փորձում էին հայտնվել տարհանող չվերթներում:

«Ամերիկան իր ողջ հզորությամբ եւ միջոցներով չի կարողացել կարգուկանոն հաստատել  օդանավակայանում: Ամբողջ երկրում տիրում է խաղաղություն եւ հանգստություն, քաոս է միայն Քաբուլի օդանավակայանում»,-ասել է Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Ամիր Խան Մութակին:

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ կիրակի յոթ մարդ է զոհվել հրմշտոցի հետեւանքով:

Լրագրողը, որը եղել է փախուստի դիմած ԶԼՄ ներկայացուցիչների եւ գիտնականների խմբում, որին հաջողվել էր կիրակի հասնել օդանավակայան, նկարագրել է մարդկանց հուսահատության տեսարանները, որոնք շրջափակում էին նրանց ավտոբուսը ճանապարհին: «Նրանք ցույց էին տալիս մեզ իրենց անձնագրերն ու բղավում. «Վերցրե՛ք մեզ ձեզ հետ, խնդրում ենք, վերցրե՛ք մեզ ձեզ հետ»,-ասել է լրագրողը: «Թալիբների մարտիկը, որը նստած էր մեր ավտոբուսի առջեւում, օդ էր կրակել՝ ստիպելով նրանց հեռանալ»: