Պակիստանն ու Հնդկաստանը, ավելի քան երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսել են միմյանց դիվանագետներին աշխատանքային վիզաների տրամադրումը: Այս մասին երկուշաբթի հաղորդել է The Express Tribune-ը՝ հղում անելով Պակիստանի ԱԳՆ-ին:
Պակիստանն օգոստոսին վիզա է տրամադրել 33 հնդիկ դիվանագետների, Հնդկաստանը՝ Նյու Դելիում Պակիստանի դեսպանատան յոթ աշխատակիցների, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում է թերթը, վիզաների տրամադրման վերսկսումը կարող է լինել առաջին քայլը պակիստանա-հնդկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ մինչ այն մակարդակ, որը նախորդել էր 2019 թվականին երկկողմ հարաբերությունների կտրուկ թուլացմանը: Դա հնարավոր դարձավ Պակիստանի եւ Հնդկաստանի զինվորականների միջեւ այս տարվա հունվարին ԱՄԷ-ի կառավարության միջնորդությամբ Դուբայում կայացած գաղտնի հանդիպումից հետո, որի ընթացքում հաջորդ ժամանակների հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ» կազմվեց: Դրա իրականացմանը ծառայեց փետրվարին Քաշմիրում հրադադարի ռեժիմի մասին Պակիստանի եւ Հնդկաստանի զինված ուժերի միջեւ կնքված համաձայնագիրը:
Երկու հարեւան պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Հնդկաստանում Իսլամաբադին աջակցող արմատական խմբերի մահապարտ ահաբեկիչը հարձակվել էր Ջամու եւ Քաշմիր նահանգներում հնդկական զինվորական շարասյան վրա, որի հետեւանքով զոհվել էր անվտանգության ուժերի 44 անդամ:
Հնդկաստանը եւ Պակիստանը Քաշմիրի տարածքը վիճարկում են 1947 թվականից, երբ բրիտանական Հնդկաստանը, անկախություն ձեռք բերելուց հետո, կրոնական գծերով բաժանվեց երկու նահանգների: Այս պահին տարածաշրջանում չկա պետական սահման՝ նրա տարածքը բաժանված է վերահսկողության գծով: Նյու Դելին հարեւան Պակիստանին մեղադրում է ծայրահեղականներին աջակցելու մեջ, իսկ Իսլամաբադը հերքում է այդ մեղադրանքները:
2019 թվականի օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր Ջամու եւ Քաշմիր նահանգները վերացնելու եւ այս տարածաշրջանում միութենական երկու տարածք ստեղծելու որոշման մասին՝ վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան պետությունը: Այդ նպատակով Հնդկաստանի խորհրդարանը հավանություն էր տվել սահմանադրության 370-րդ հոդվածի վերացմանը, որը նահանգին օժտել էր հատուկ կարգավիճակով: Իսլամաբադը դատապարտել էր այս որոշումը եւ հրաժարվել այն որպես Հնդկաստանի ներքին գործ ճանաչել: Ի նշան Ջամու եւ Քաշմիր նահանգների վերացման դեմ բողոքի՝ Պակիստանը կասեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ արտաքսել նրա դեսպանին:





























