Քաբուլի օդանավակայան եւ այնտեղից թռչող բոլոր չվերթները դադարեցվել են՝ օդանավակայանում Աֆղանստանից հեռանալ ցանկացողների մեծ կուտակումների պատճառով: Այդ մասին ասվում է երկուշաբթի օրը երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության տարածած որոշման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները դադարեցվել են մինչեւ հետագա ծանուցումը: Երկրի տարբեր մարզեր, ինչպես նաեւ արտերկիր թռչել ցանկացող ուղեւորները նախապես կտեղեկացվեն չվերթների վերսկսման մասին: Նման միջոցները ձեռնարկվում են օդային նավահանգստում ամբոխից եւ անկարգություններից խուսափելու համար»,- ասված է գործակալության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Զեկույցում ընդգծվում է նաեւ, որ Աֆղանստանի ավիացիոն իշխանությունները «ակտիվորեն աշխատում են, որպեսզի ապահովեն, որ ներքին եւ միջազգային թռիչքները դեպի Քաբուլի օդանավակայան վերականգնվեն, եւ որքան հնարավոր է շուտ»:
Քաբուլի օդանավակայանի շուրջօրյա աշխատանքն այժմ ապահովում են ՆԱՏՕ-ի պետությունների շուրջ 800 քաղաքացիական ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Թուրքիայից ժամանած զինվորականները կարգուկանոն են պահպանում: Հազարավոր մարդիկ փորձում են փախչել երկրից: Թռիչքուղու վրա հավաքվածներին ցրելու համար զինվորականները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել եւ օդ կրակել: Մարդիկ կառչել են ինքնաթիռների անիվներից եւ ֆյուզելյաժից, որպեսզի լքեն Աֆղանստանի մայրաքաղաքը:
Վերջին տվյալների համաձայն, շաբաթվա ընթացքում այս միջադեպերի հետեւանքով մահացել է առնվազն 20 մարդ: Բացի այդ, երկուշաբթի օրը Աֆղանստանի անվտանգության ծառայության մեկ աշխատակից է զոհվել անվտանգության ուժերի եւ անհայտ անձանց միջեւ փոխհրաձգության հետեւանքով: Արմատականներն օդանավակայանում ստեղծված իրավիճակի համար ԱՄՆ-ին են մեղադրում:





























