Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի եւ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մասնակցությամբ օգոստոսի 20-ին տեղի է ունեցել առցանց քննարկում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի եւ Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին եւ Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը։

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտել Բարոնուհի Քոքսին եւ նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների եւ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաեւ հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում։