«Թալիբանը» ամերիկյան մի քանի ինքնաթիռներ, ռազմական ուղղաթիռներ եւ հակատանկային հրթիռներ է գրավել, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:

Նշվում է, որ միջադեպը մտահոգություն է առաջացրել Պենտագոնում:

Աղբյուրների փոխանցմամբ՝ թալիբների կողմից գրավված զենքի վերացման որոշում դեռ չի կայացվել: «Թալիբների համար դժվար կլինի օգտագործել ուղղաթիռներն ու ինքնաթիռները, քանի որ օդաչուներ չկան, տեխնիկական սպասարկումը նույնպես անհասանելի է թալիբներին»,- ասել են նրանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ը, ըստ Al-Arabiya-ի, սպասում է տարհանման գործընթացի ավարտին, որպեսզի որոշում կայացնի գործողությունների, այդ թվում՝ ռազմական պահեստներին հարվածներ հասցնելու մասին:

Ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին ապստամբները գրոհել եւ գրավել են բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտի մասին: Կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ապագայում, գրոհայինները համաձայն չեն անցումային կառավարություն ստեղծելուն:

Նախագահ Աշրաֆ Հանին փախել է երկրից եւ երկու օր անց ԱՄԷ-ից տեսաուղերձ ուղարկել, որում խոստացել է վերադառնալ: Իր հերթին փոխնախագահ Ամրուլ Սալեհն ասել է, որ այժմ, ըստ Սահմանադրության, ինքը դառնում է պետության ղեկավար, եւ կոչ է արել թալիբներին զինված դիմադրություն ցույց տալ:

Այժմ Աֆղանստանից ցամաքային սահմանի բոլոր անցումները վերահսկվում են նոր իշխանությունների կողմից: Օտարերկրյա աշխատակիցների եւ արտասահմանյան առաքելությունների համար աշխատող աֆղանցիների տարհանումը կատարվում է Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների զինված ուժերը։