Անկարայում սիրիացի փախստականների վրա հարձակումները ցույց տվեցին թուրքական հասարակության հիասթափությունը միգրանտների նկատմամբ, իսկ Աֆղանստանից նոր միգրացիոն հոսքը կարող է սրել իրավիճակը, իտալական վերլուծական Osservatorio Balcani e Causaso Transeuropa կենտրոնի կայքում գրում է Ֆիլիպո Չիչուն:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մնում է Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչը նույնիսկ վարկանիշի նվազումից հետո, սակայն միգրանտներին ուղղված նրա ողջույնի խոսքերը ուժեղ աջակցություն չեն գտնում նույնիսկ իր ընտրազանգվածի շրջանում: Նրա խոսքով՝ Աֆղանստանից միգրանտների նոր ալիքն իր համար նոր քաղաքական մարտահրավեր կդառնա:
Օգոստոսի կեսերին մայրաքաղաք Անկարայի մոտ գտնվող Ալթինդաղ արվարձանում ամբոխը հարձակվել էր սիրիական տների եւ ձեռնարկությունների վրա: Նրանք մոլեգնում էին ամբողջ գիշեր: Երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք վիրավորվել էին սիրիացիների հետ մարտում, նրանցից մեկը մահացել էր: Սիրիայի երկու քաղաքացի ձերբակալվել էին առաջին աստիճանի սպանության մեղադրանքով:
Հարյուրավոր մարդիկ ներխուժել են Ալթինդաղ Օնդեր եւ Բաթալգազի թաղամասեր՝ կողոպտելով սիրիացիների ձեռնարկությունները եւ սարսափ տարածելով ընտանիքների վրա՝ նախքան անվտանգության ուժերը վերահսկողության տակ կառնեին իրավիճակը: Թուրքական իշխանությունները ձերբակալել են 76 մարդու՝ ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով:
2020 թվականին 125 000 աֆղանցիներ ապաստան են խնդրել Թուրքիայից, վկայում է ՄԱԿ-ի վիճակագրությունը: Սակայն, որոշ փորձագետների գնահատականներով, այս թիվը կարող է գերազանցել կես միլիոնը:





























