Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, կազմակերպել է Աֆղանստանից Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ այլ երկրների եւ Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանումը, հայտնում է ռազմական գերատեսչությունը:

Դրա համար ստեղծվել է չորս ռազմական-տրանսպորտային ինքնաթիռների ավիախումբ, որոնք կենտրոնացած են Ուլյանովսկի օդանավակայանում: Դրանցում կան ռազմական բժիշկների բրիգադներ, ինչպես նաեւ ջրի, սննդի եւ ծածկոցների պաշարներ:

Ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակվել եւ գրավել են բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտի մասին: Այժմ լուծվում է պետական կառավարման մեխանիզմի հարցը: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նոր իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը, դա լինելու է 12 հոգուց բաղկացած խորհուրդ:

Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ -ը, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, կազմակերպել են Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով իրենց քաղաքացիների եւ արտասահմանյան առաքելությունների համար աշխատած աֆղանցիների տարհանումը: Գրոհայինները հայտարարել են, որ թույլ կտան դա անել մինչեւ օգոստոսի 31-ը:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել էր, որ ինքնաթիռը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին, առգրավել են անհայտ անձինք, իսկ մյուս ուղեւորները տեղափոխվել են Իրան: Արտաքին գործերի նախարարությունը շուտով հերքել էր այս տեղեկատվությունը՝ ասելով, որ Ենինն ընդհանուր առմամբ բացատրել է այն դժվարությունների աննախադեպ մակարդակը, որոնց բախվում են դիվանագետները: Նույն օրը երեկոյան օդանավը վայրէջք էր կատարել Կիեւում: