Նախագահ Ջո Բայդենը պետք է իմպիչմենտի ենթարկվի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացի համար: Այս մասին հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը, հայտնել է The Hill-ը:

«Կարծում եմ, որ նրան պետք է իմպիչմենտ հայտարարել», - ասել է Գրեմը: «Ջո Բայդենն արժանի է իմպիչմենտի, քանի որ նա լքել է հազարավոր աֆղանստանցիների, ովքեր պայքարել են մեզ հետ, եւ պատրաստվում է լքել որոշ ԱՄՆ քաղաքացիների, քանի որ ընկրկել է թալիբների առաջ՝ վերջնաժամկետ սահմանելով օգոստոսի 31-ը», - հավելել է նա:

Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը Բայդենին կոչ է արել անտեսել վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը: «Նախագահը պետք է մոռանա օգոստոսի 31-ի մասին... Երկարաձգի վերջնաժամկետը, համոզվի, որ յուրաքանչյուր ամերիկացի, ով ցանկանում է հեռանալ, կարող է հեռանալ մեր օգնությամբ», - ասել է Մաքքոնելը Fox News-ի հետ հարցազրույցում:

Թոմ Մալինովսկին, ով Օբամայի վարչակազմի օրոք Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոն է զբաղեցրել, կասկածի տակ է դրել վերջնաժամկետի իրագործելիությունը: «Ճնշող մեծամասնությունը կողմ է, որ դա հնարավոր չէ անել մինչեւ օգոստոսի 31-ը», - ասաց նա:

Գրեմը հայտարարել է, որ եթե ինքը լիներ գլխավոր հրամանատարը, «թալիբներին «գրողի ծոցը կուղարկեր»»:

«Եթե ես լինեի Միացյալ Նահանգների նախագահը, թալիբներին «գրողի ծոցը կուղարկեի»: Մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, որքան կպահանջվի մեր մարդկանց դուրս բերելու համար», - ասել է Գրեմը: «Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ջո Բայդենը ցանկանում էր մեր բոլոր զորքերը դուրս բերել քվեարկության պատճառով, եւ ի՞նչ արեց: Նա հիմք ստեղծեց եւս մեկ սեպտեմբերի 11-ի համար: Նա լքեց հազարավոր մարդկանց, ովքեր ազնվորեն եւ համարձակորեն կռվել են մեզ հետ», - հավելել է Գրեմը: «Կարծում եմ, որ սա ամենախայտառակ բանն է, ինչ արել է գլխավոր հրամանատարը»,-  եզրափակել է Գրեմը: