Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն առաջին անգամ շարժական արտագնա ընդունարան է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արտագնա ընդունարանը տեղակայվել է Վանք բնակավայրի թաղային հիվանդանոցում, որտեղ գործում է «թեժ գիծ»` անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնության ցուցաբերման, աշխատանքի տեղավորման հարցում եւ այլ խնդրահարույց թեմաներով տեղեկատվության հավաքման համար:

Օգնության համար ընդունարան է դիմել ընդհանուր ավելի քան 800 մարդ: Թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 400 զանգ:

«Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում կայացրեց առաջին անգամ հանրային արտագնա ընդունարան ուղարկել Վանք գյուղ, քանի որ շատ քաղաքացիներ Ստեփանակերտում տեղակայված հանրային ընդունարան գալու հնարավորություն չունեն: Այսօր փախստականների ընտանիքներին եւ բազմազավակ ընտանիքներին 5 տոննա սննդամթերք է տրվել»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցում բժշկական արշավի շրջանակներում խորհրդակցություն են անցկացրել եւ որակավորված բժշկական օգնություն են ցուցաբերել Վանք բնակավայրի 150 բնակչի: