Կառավարության ծրագիրը տպավորություն է ուզում ստեղծել, թե նախորդ 3 տարիներին, ոչինչ չի եղել, չեն փոխել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Կառավարության ծրագիրը ոչ ամբողջությամբ չի համապատասխանում պետության խնդիրներին։ Մանավանդ ռիսկերի վտանգների և ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն է։ Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական։ ԱՆվտանգության միջվայրի փխրունությունը և սպառնալիքները, Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական ռազմավարական վերանայում կատարել և ունենալ Զինված ուժերի բարեփոխումների ծրագիր։ Օրինակ՝ առայության ժամկետի նվազեցումը ոչ ժամանակին և պոպուլիստական քայլ է»,- նշեց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի և Արցախի առջև կանգնած և ահագնացնող անորոշություններին։
«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը։ Այս պահին Հայաստանի շրջափակումը Արցախի և Հայաստանի համար բերելու է խորը շրջափակման»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ անհիմն են իշխանության կողմից հնչող քննադատությունները, որ կառավարության ծրագրի նկատմամբ ընդդիմությունը կառուցողական չէ։
«Կարծում եմ՝ ԱԺ մարմինների ձևավորման ընթացքում, այդ քննարկումների ժամանակ էլ մենք ստիպում ենք բանավիճելու, ոլորտային համեմատություններ անելու, քննադատելու, ներկայացնում ենք փաստաթղթերի թերությունները, առաջարկություններ անում։ Կընդունվի, թե չէ, դա ձեր գործն է, բայց միևնույն ժամանակ նաև քաղաքական մեծամասնության ելույթների մեջ որևիցե մի ինքնաքննադատության և իրավիճակի հստակ գնահատականի ելույթներ չեղան»,- հավելեց Սեյրան Օհանյանը։











