TOLOnews հեռուստաալիքի թղթակից Զիար Յաադը եւ նրա օպերատորը թալիբների կողմից ծեծի են ենթարկվել Քաբուլի արվարձանում, երբ Աֆղանստանի մայրաքաղաքում աղքատների վիճակի եւ գործազրկության մասին նյութ են նկարահանելիս եղել: Միջադեպը տեղի է ունեցել Հաջի Յակուբ թաղամասում, թալիբները լրագրողներից խլել են նրանց բջջային հեռախոսներն ու տեսախցիկը, հաղորդում է TOLOnews-ը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ լրագրողների վրա հարձակումներ այլ վայրերում նախկինում էլ են եղել, սակայն դա չի բարձրաձայնվել: Ինքը՝ Զիար Յաադը, ասել է, որ իրեն ու իր գործընկերոջը հրացանի կոթերով են հարվածներ հասցրել:

Փարվան նահանգում Լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ Փարվիզ Ամինզադեն ասել է, որ «լրագրողների նկատմամբ թալիբների վերաբերմունքը անհանգստացնող է»:

Իր հերթին, «Թալիբան»-ի մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլահ Վասիկը հայտարարել է, թե Քաբուլում լրագրողներին իբր միայն սպառնացել են, բայց ոչ ծեծել: «Մայրաքաղաքի ղեկավարությունը մեզ հավաստիացրել է, որ հետաքննում է միջադեպը, եւ որտեղ էլ խնդիր ծագի լրագրողների համար, մենք կփորձենք լուծել այն»,- հավելել է նա: