Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ճապոնիայի դեսպանատան աշխատակցին՝ բողոք արտահայտելու համար «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողնման ծրագրերի դեմ, հաղորդում է Yonhap-ը:
«Կլիմայի փոփոխության, էներգետիկայի, շրջակա միջավայրի եւ գիտական համագործակցության վարչության գլխավոր տնօրենը կարեւորել է աղտոտված ջրերի պլանավորված բաղթողնման, ինչպես նաեւ ազնիվ հաշվետվությունների վերաբերյալ պատշաճ խորհրդատվության կարեւորությունը»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հարավային Կորեան նաեւ կոչ է արել Ճապոնիային համագործակցել՝ այս հարցով երկկողմ խորհրդատվական մարմին ստեղծելու համար:
Օգոստոսի 25-ին Ճապոնիան ներկայացրեց ստորջրյա թունելի կառուցման նախագիծը` «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ճառագայթումից մաքրված ջրի բացթողնման համար: Ըստ Ճապոնիայի կառավարության՝ ջուրն ընդհանուր առմամբ մաքրված է ռադիոակտիվ նյութերից, սակայն դեռ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ՝ տրիտիում է պարունակում:





























