Իրանի ուրանի փոխանակման մասին համաձայնագիրը լոկ բարի մտադրությունների մասին փաստաթուղթ չէ, այլ այդ գործընթացի «ճանապարհային քարտեզ»: Այդ մասին այսօր՝ մայիսի 18-ին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, բոլոր հետագա գործողությունները կապված են մշակված ծրագրի հետ: Տեքստում նախանշված է հաջորդող քայլերի ժամանակացույցը.

«Իրանը շաբաթվա ընթացքում գրավոր եւ պաշտոնապես տեղեկացնում է ՄԱԳԱՏԵ-ին իր մտադրությունների մասին: Վիեննայի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համաձայնության դեպքում ՝ մեկ ամսվա ընթացքում 1200 կգ ցածր հարստացված ուրան կուղարկվի Թուրքիա, որպես ավանդ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Հետագայում, ըստ Դավութօղլուի, Վիեննայի խմբի անդամները պետք է երաշխավորեն 11 ամիսների ընթացքում Թուրքիային 120 կգ հարստացված ուրանի առաքումը՝ Իրանին փոխանցելու համար: «Այս համաձայնագիրը կարեւոր է տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում խաղաղության համար: Դրա մշակումը բարդ էր, շատ ջանք է պահանջվել: Իրանի կողմից ուժեղ եւ կոնկրետ քաղաքական կամք է դրսեւորվել: Նման դիրքորոշումներ են ցույց տալիս նաեւ Թուրքիան եւ Բրազիլիան»,- ասել է Դավութօղլուն:

Նրա խոսքով, պայմանավորվածությունները «հոգեբանական բեկում» են դարձել Իրանի միջուկային ծրագրի քննարկումներում: