Ադրբեջանի քաղաքական հարցերով նախագահի նախկին օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ իրեն շանտաժի են ենթարկել: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն օրեր առաջ հայտնվել էր Twitter-ում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես որոշ հասցեներից լուրջ շանտաժային հաղորդագրություններ եմ ստանում: Նրանք սպառնում են տարածել իմ վիդեոկադրերը, որոնք ժամանակին գաղտնի նկարահանվել էին զուգարանում: Այդ կադրերը զուգորդվում են էրոտիկ տեսանյութերով: Այս մասին նախօրոք տեղեկացրել եմ համապատասխան կառույցներին: Դա մի մաֆիոզ ցանցի ձեռքի գործն է, եւ նրանք ճիշտ ժամանակին կստանան իրենց պատիժը»,- գրել է Ալի Հասանովը:

Սկանդալային հրապարակումն արդեն հեռացվել է Ալի Հասանովի թվիթերյան էջից: Բայց նախկին պաշտոնյան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել էր, որ իրեն շանտաժի են ենթարկել: «Ես դրա մասին գրել եմ Twitter-ում, եւ բոլոր կայքերն այն վերատպել են: Սրանով զբաղվում են համապատասխան կառույցները: Ես չեմ ցականում կրկին քննարկումներ բորբոքել»,- ասել է նա՝ խոստանալով, որ չգիտի, թե ով է կանգնած սպառնալիքների հետեւում: Նախկին պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ գաղափար չունի, թե որտեղ են նկարահանվել տեսագրությունները. «Եթե իմանայի: Նրանք ինձ մի քանի լուսանկար են ուղարկել եւ շանտաժի են ենթարկում ինձ»: