Մայիսի 18 Երեւանում մեկնարկել են «Ծրագրավորման օրեր» երկօրյա անվճար դասընթացները, որին կարող են մասնակցել ոլորտով հետաքրքրված բոլոր ցանկացողները: Դասախոսությունները վարում է Microsoft-ի՝ Ուկրաինայից հրավիրված բարձրակարգ դասավանդող-մասնագետ Սերգեյ Բայդաչնին:
Դասախոսություններին ունկնդրելու են գալիս ոչ միայն ուսանողներ, այլեւ ծրագրավորման, հեռահաղորդակցական, ինչպես նաեւ ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց դասընթացների կազմակերպիչ, «Microsoft-Հայաստան»-ի առաջատար տեխնիկական խորհրդատու Ժան Մամիկոնյանը՝ ավելացնելով, որ «Ծրագրավորման օրեր»-ը հնարավորություն է տալիս ծանոթանալ նորարարական ապրանքատեսակներին, ինչպես նաեւ տեղեկանալ, թե ինչպիսի նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվում այսօր համաշխարհային ՏՏ ոլորտում եւ ինչ տենդենցներով է շարժվում ՏՏ աշխարհը:
«Խնդիրն այն է, որ Հայաստանում ծրագրավորման ոլորտում տեղեկատվական մեկուսացում գոյություն ունի եւ շատ անգամ մասնագետները ուղղակի տեղյակ չեն լինում, թե ինչ նոր տեխնոլոգիական լուծումներ են մյուսները կիրառում»,- ասաց Մամիկոնյանը՝ ավելացնելով, որ այս տարի առաջին անգամ դասընթացներում ընդգրկվել մի քանի հայաստանյան ընկերություններ, որոնք եւս հնարավորություն ունեն իրենց լուծումները ցուցադրել երկօրյա դասընթացների ժամանակ։
Նշենք, որ Microsoft-ը Հայաստանում նման միջոցառում անցկացնում է արդեն չորրորդ անգամ։



























