ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բանակցություններ են վարել Սպիտակ տանը, որտեղ քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է Սպիտակ տան կայքը:
«Նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, հանդիպման ընթացքում նա վերահաստատել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ պատմական գործընկերությունը եւ խորհրդակցություններ է անցկացրել երկու երկրների առջեւ ծառացած գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բայդենը հայտարարել է Իսրայելի անվտանգությանը եւ երկրի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու ԱՄՆ պատրաստակամության մասին, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի վերականգնմանը: Բացի այդ, Բայդենը եւ Բենեթը պայմանավորվել են միասին աշխատել Իսրայելին ԱՄՆ առանց վիզայի ճանապարհորդության ծրագրում ընդգրկելու համար:
Առաջնորդները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները, «այդ թվում՝ Իրանի կողմից սպառնացող վտանգը»: Նախագահը հստակորեն հայտարարել է իր պարտավորության մասին ապահովելու, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ստեղծի»:
Բայդենը եւ Բենեթը նաեւ կարծիքներ են փոխանակել ինչպես Իսրայելի քաղաքացիների, այնպես էլ պաղեստինցիների խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման խթանման ուղղությամբ: Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ միայն երկու պետության լուծումը կարող է վերջ դնել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:





























