Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հավատարիմ երկար տարիներ իր կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը, Ղարաբաղի հայերին «ատելի թշնամի» է անվանել։

Ադրբեջանի ղեկավարը նախկինում էլ չէր թաքցնում իր ֆաշիստական վերաբերմունքը ղարաբաղյան հայերի նկատմամբ, դրա վկայությունները բազմաթիվ են` սկսած Ռամիլ Սաֆարովի հրեշավոր «առաջադրանքից» մինչեւ 2020թ. աշնանը տեղի ունեցած ագրեսիայից հետո Բաքվում «ավարի պուրակի» հայտնվելը:

Այնուամենայնիվ, օկուպացված Շուշիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ալիեւի վերջին հայտարարությունն առանձնանում է մյուսների շարքում: Ադրբեջանի ղեկավարն ակամա խոստովանել է, որ որքան ատում է, այդքան էլ վախենում է ղարաբաղցի հայերից:

«Ես ինքս ընտրեցի նոր հինգաստղանի հյուրանոցի կառուցման վայրը հենց այն տեղում, որտեղ ատելի թշնամին կառուցում էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի» շենքը: Դա արվում էր մեզ ծաղրելու համար: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացություն գոյություն չունի: Այս շենքի հիմքն արդեն դրված էր, նույնիսկ քարի աշխատանքն էր ավարտված: Իմ հանձնարարությամբ՝ այս դեւի որջը Շուշիում ոչնչացվեց»,- ասել է Ալիեւը: Նշենք, որ իսլամում սատանան հատուկ տեղ է զբաղեցնում՝ Աստծուն գրեթե հավասար հակառակորդ լինելով: