Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին եւ գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման:
Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։
ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին: Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միեւնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները եւ տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:





























