ԱՄՆ իշխանությունները համագործակցում են Թուրքիայի եւ Կատարի հետ Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական մասի լիարժեք աշխատանքի վերսկսման հարցով: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա ավելի կոնկրետ ասպեկտը, որի վրա մենք աշխատում ենք Կատարի եւ Թուրքիայի հետ, օդանավակայանի քաղաքացիական հատվածի վերաբացումն է, որպեսզի մենք կարողանանք այն օգտագործել ոչ միայն թռիչքների համար, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ, այլեւ՝ մարդասիրական օգնության բաշխման համար: Մենք աշխատելու ենք Պարենի համաշխարհային ծրագրի [ՄԱԿ] եւ այլ [կազմակերպությունների] միջոցով», - ասաց Պսակին:
Նրա խոսքով՝ այս մասով Միացյալ Նահանգները փոխգործակցում են նաեւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ օգտագործելով առկա հաղորդակցության ուղիները:
«Թալիբան» շարժման քաղաքական թեւի ներկայացուցիչ Անաս Հաքանին «Ալ Ջազիրա»-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանը կբացվի մի քանի օրվա ընթացքում: Հեռուստաալիքի զրուցակիցն Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումը մեծ իրադարձություն է անվանել, իսկ տարհանման ավարտի օրը պատմական է որակել:





























