Մարդու ուղեղի հորմոնները կարող են բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ակադեմիկոս Արմեն Գալոյանը՝ ավելացնելով, որ հայ գիտնականները արդեն երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մարդու ուղեղում առկա որոշ հորմոններ բուժում են վարակիչ բազմաթիվ հիվանդություններ:
Ակադեմիկոսի խոսքով՝ հայ գիտնականներին հաջողվել է ոչ միայն անջատել ուղեղում առկա այդ նյութերը, այլեւ ամբողջովին պարզել դրանց քիմիական կառուցվածքը եւ անգամ սինթեզել դրանք:
«Ուղեղում առկա հորմոնների միջոցով հնարավոր է ինչպես վարակիչ, այնպես էլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժում իրականացնել, բուժել Այլցհեյմերի հիվանդությունը, որի ժամանակ մարդը ամբողջովին կորցնում է իր հիշողությունը»,-ասաց Գալոյանը՝ ավելացնելով, որ հետազոտությունների արդյունքում հայ գիտնականները ստացել են ուղեղից սինթեզված հզոր միջոց, որը բուժում է արյան այնպիսի ծանր չարորակ հիվանդություններ, ինչպիսիք են՝ միելոմիան, լիմֆոման եւ լեյկեմիան:
Ակադեմիկոսի խոսքով՝ այժմ լուրջ եւ բազմակողմանի աշխատանքներ են տարվում նշված հայտնագործությունը նեյրոհորմոնների բժշկության բնագավառում կիրառելու համար:
«Այժմ բժշկությունը գնում է դեպի բնական նյութերի օգտագործում, եւ սկսել է կարեւորվել օրգանիզմին հարազատ բնական նյութերի օգտագործումը, որը կարող է բուժել հենց օրգանիզմի տարբեր հիվանդություններ»,- ասաց ակադեմիկոս Գալոյանը:
Նշենք, որ մայիսի 17-20 Երեւանում տեղի է ունենում «Բիօֆարմա 2010. գիտությունից դեպի արտադրություն» երկրորդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են յոթ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Շվեդիայի, Հնդկաստանի եւ Իրանի 115 գիտնականներ։ Հայ ակադեմիկոսի հայտնագործությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց տարբեր երկրների բժշկական շրջանակներում:




























