Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 22,2 %–ով։ Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 239 263 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 307 590 էր։ Միաժամանակ մարտ ամսին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան կարծիք հայտնեց, որ այս տարի զբոսաշրջությունը կաճի 319 %-ով։

Հայաստան չայցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ նշանակում է Հայաստան չմտած գումար, իսկ զբոսաշրջիկները Հայաստանում օրական ծախսում են միջինում 80 դոլար՝ նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ըստ տնտեսագետի՝ զբոսաշրջության տեմպերի նման աճ  կանխատեսելիս՝ նախարարը հավանաբար հույս է ունեցել, որ նախորդ՝ համավարակային տարվա զրոյական ցուցանիշի համեմատ աճ կգրանցենք։

«Երբ դուք հայտարարում եք 319 տոկոս աճի մասին, և ներկայումս ունենք 22․2 % նվազում, ակնհայտ է, որ սա ընդամենը կեղծ օրակարգ էր, որը նետվեց հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելու համար»,- նշեց նա։

Իսկ ահա Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համարում է, որ, ցուցանիշներն, իհարկե, շատ հեռու են դրական համարվելուց, սակայն բացասկան էլ չեն։ Նա հիշեցնում է՝ պետք է հաշվի առնել,  որ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ նախքան կորոնավիրուսի սահմանափակումները, մեր կյանքը դեռ բնականոն ընթացքի մեջ էր։

«Անցած տարվա առաջին եռամսյակում արդեն ճշտված տվյալներով ունեցել ենք 307000 ներգնա զբոսաշրջություն, որն ավելի պակաս է քան 2019 թվականինն էր, իհարկե։ Այդ թվականին մոտավորապես 364 հազար է եղել։ Այսինքն՝ անցած տարվա առաջին կիսամյակի տվյալը հենց առաջին եռամսյակի տվյալ է, որովհետև երկրորդ եռամսյակում 2020 թվականին զրոյական ցուցանիշ ենք ունեցել»,-ընդգծեց Ապրեսյանը։

Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում մեծ թիվ են կազմում իրանցիները՝ 26338, որը 2,4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան էր ժամանել ընդամենը 10,925 զբոսաշրջիկ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս ցուցանիշը կապում է Հայաստանում անվճար պատվաստվելու հնարավորության հետ, սակայն միաժամանակ հիշեցնում է, որ հայաստանցիների համար պատվաստումը պարտադիր չէ, և դա կարող է վախեցնել եվրոպացիներին։

«Հայաստանում պատվաստված մարդկանց թիվը շատ ավելի փոքր է, սա նշանակում է , որ հնարավոր է նոր համավարակի ալիքներ և եվրոպացիները, որտեղ ավելի մեծ չափով պատվաստուըմների գորընթաց է տեղի ունենում, խուսափում են այդ երկրներից որտեղ քիչ են պատվաստումները»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Անհնար է շրջանցել նաև անվտանգության թեման։ Աղետալի պատերազմը և դեռևս անկայուն իրադրությունը նույնպես կարող են զսպել զբոսաշրջությունը։ Օրինակ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 93537 ռուս զբոսաշրջիկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 121,093 էր։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել 22,8 տոկոսով։ Մասնագետները կարծում են, որ սա հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսները քաջատեղյակ են Հայաստանի անվտագային խնդիրներին և ապահովության համար հրաժարվում են Հայաստան գալու մտքից։

Մասնագետները կարծում են, որ զբոսաշրջիկների թվի աճի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Էական աճ կարելի է ակնկալել նվազագույնը երկու տարի անց, երբ ամենայն հավանականությամբ կորոնավիրուսը նահանջած կլինի, իսկ անվտանգային խնդիրները՝ հուսանք՝ լուծված։