ԱՄՆ պատվիրակությունը երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ողջ կազմի քննարկմանն է ներկայացրել Իրանի հարցով նոր բանաձեւի նախագիծը: Դիվանագետների խոսքով, փաստաթուղթը «վեցնյակի» առարկություններին չի հանդիպել:
Նախագիծը ներառում է պատժամիջոցներ, որոնք հարվածում են թե՛ Իրանի տնտեսությանը, թե՛ ռազմա-արդյունաբերական համալիրին:
Հավանության դեպքում փաստաթուղթը կընդլայնի իրանցի քաղաքացիների եւ ընկերությունների ցանկը, որոնց արգելվում է տնտեսական գործունեություն ծավալել արտերկրում, նաեւ կարգելի Թեհրանին ֆինանսավորել ատոմային ոլորտում ներգրավված օտարերկրյա ընկերություններին, գրում է Lenta.ru-ն:
Նոր բանաձեւի առանցքային կետերից մեկը կդառնա Իրանին ծանր սպառազինության որոշ տեսակների առաքման արգելքը: Ցանկում կհայտնվեն տանկերը, զրահամեքենաները, ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, նավերը, նաեւ հրթիռներն ու հրթիռային համալիրները:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Իրանը եռակողմ համաձայնագիր ստորագրեց, որով համաձայնվում էր փոխանակել իր ուրանը Թուրքիայի տարածքում, սակայն այդ փաստը չէր համոզել միջազգային հանրությանը՝ նրա անկեղծության մեջ:




























