ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը բանակցություններ է վարում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Այս հանդիպումը, որը նախապատրաստվում էր երկու տարի, մեկ օրով հետաձգվեց Աֆղանստանի վերաբերյալ խորհրդակցությունների պատճառով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բանակցությունների նախաշեմին Բայդենը, նշել է, մասնավորապես անվտանգության խնդիրները, տնտեսական համագործակցությունը եւ COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները: Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հրավերի համար: Նա անդրադարձել է Ուկրաինայի առջեւ ծառացած ռազմավարական խնդիրներին եւ, մասնավորապես, Դոնբասում տիրող իրավիճակին: Զեելենսկին խոսել է Ռուսաստանի հետ «գերիների փոխանակման» հարցի մասին:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ այցը նպատակ ունի ցուցադրել «Միացյալ Նահանգների նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ եվրաատլանտյան ձգտումներին»:

Նախ, Բայդենը եւ Զելենսկին բանակցություններ կանցկացնեն ընդլայնված կազմով՝ առանցքային խորհրդականների մասնակցությամբ, այնուհետեւ նրանք կզրուցեն առանձին: Պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ հանդիպմանը կքննարկվեն անվտանգությանը, էներգետիկական եւ կլիմայական քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները:

Նաեւ հաղորդվում է, որ կողմերը նախատեսում են ազդարարել մի շարք համաձայնագրերի մասին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության, Ուկրաինայի արեւելքում ճգնաժամից տուժածներին հումանիտար օգնության եւ կորոնավիրուսի հետ կապված օգնության վերաբերյալ: